ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 29

Սմբատաբերդը գտնվում է Եղեգիս և Արտաբույնք գյուղերի միջով անցնող նեղ լեռնաշղթայի գագաթին: Ամրոցը, որ երկու միջնաբերդ ունի, կառուցվել է 9-11-րդ դարերում: Չի բացառվում, որ Սմբատաբերդը նույն Symbace-ն է, որի մասին իր աշխատություններում հիշատակել է հույն պատմիչ Ստրաբոնը՝ ենթադրելով, որ ներկայիս ամրոցի տեղում հնագույն մեկ այլ կառույց է եղել:

Ամրոցը երեք կողմից շրջապատված է զառիթափ բլուրներով և գետին հարակից կիրճերով՝ դարձնելով այն անառիկ: Միջնաբերդերը կառուցված են եղել ամրոցի պարիսպների ներսի հատվածում, եղել են զինվորների քնելու համար նախատեսված տեղեր՝ ապահով ապաստան ստեղծելով արքայական ընտանիքի համար: Այն ծառայել է նաև որպես զինանոց, ցորենի ամբար և արտադրավայր:

Հայաստանում կատարված հնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ լանդշաֆտը հարուստ է ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթե ժամանակաշրջանների ամրոցներով: Ամրոցաշինությունը հատկապես վերելք է ապրել մ.թ.ա. 9-6-րդ դարերում՝ Ուրարտական թագավորության զարգացման գագաթնակետին: Հետագայում վաղ շրջանի հայկական թագավորությունները վերականգնել են հին ամրոցները և կառուցել են նորերը բլուրների ու լեռների վրա: Սմբատաբերդը ջուր է ստացել գաղտնի խողովակով, որ սկիզբ է առել մոտակա Ցաղաց քար վանքից: Ավանդույթը պատմում է, որ սելջուկ-թուրքերը կարողացել են ծնկի բերել ամրոցը ծարավ ձիու օգնությամբ: Նրանք ձիուն ստիպել են հետևել խողովակին և գտել են դեպի ամրոց տանող ճանապարհը: Սմբատաբերդ տանող ճանապարհը նեղ է և զառիթափ: Գագաթ հասնելու ամենալավ միջոցը քայլարշավն է: Ամրոցը, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի հովիտ, մասամբ վերակառուցված է:

Սմբատաբերդ

Պատմական տեսարժան վայրեր