ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 20

Արկազի վանքը

Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Արկազի վանք (Սուրբ Խաչ եկեղեցի)

Հայ հոգևորական և պատմագիր Ստեփանոս Օրբելյանն իր գրություններում հիշատակել է Արկազի վանքը՝ այն թվագրելով 8-րդ դարով: Համալիրի տարածքում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին, որի աղոթատներից մեկում՝ վաղ միջնադարյան մի թագուհու շիրիմում, թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը: Տեղացիները վստահեցնում են, որ 2011 թվականին՝ եկեղեցու վերականգնման ընթացքում, Հիսուսի դեմքը հայտնվել է այս շիրիմի վրա, որից հետո Հիսուսի պատկերով գորգ է կախվել ստորին պատից:

Եկեղեցին առաջին անգամ վերակառուցվել է 1871 թվականին, այնուհետև՝ 2010-2011 թվականներին: Շինարարական վերջին աշխատանքները կատարվել են այժմ մոսկվայաբնակ համագյուղացիներից մեկի հովանավորությամբ: Հայաստանից արտագաղթած շատ հայեր գումար են նվիրաբերում տեղի եկեղեցիներին, դպրոցներին և համայնքային կենտրոններին՝ իրենց գյուղերում հայկական արմատները պահպանելու նպատակով: Եկեղեցու անմիջական հարևանությամբ է տեղակայված լիովին վերանորոգված վանքը: Եկեղեցու աջ կողմի կառույցի արտաքին պատերին ագուցված են վաղմիջնադարյան խաչքարեր:

Պատմական տեսարժան վայրեր

Կարդալ ավելին

Օրբելյաններ

Օրբելյանների իշխանական տոհմը հիմնադրվել է 1211 թվականին, երբ հայ-վրացական բանակը հարևան թշնամիներից ազատագրել է Սյունիքը (ներկայիս Սյունիքը գտնվում է Վայոց ձորի մարզից դեպի հարավ և տարբերվում է պատմական Սյունիքից, որն ընդգրկել է տարածքներ Վայոց ձորի և այժմյան հայկական մյուս մարզերից): Օրբելյանների իշխանությամբ Սյունիքում վերածնվել է կրթությունը, մշակույթը և ճարտարապետությունը: Օրբելյան իշխանները սերտ կապեր են ունեցել Սյունիքի թեմի հետ, որն այդ ժամանակ հայ եկեղեցու ամենաազդեցիկ հայրապետական աթոռներից մեկն է եղել: Որպես այս կապերի լավագույն արգասիք՝ կարելի է դիտարկել Ստեփանոս Օրբելյանի դերը: Լինելով Սյունիքի մետրոպոլիտ (1286-1303 թթ.), հոգևորական, աստվածաբան, պատմագիր և բանաստեղծ՝ Ստեփանոսը գրել է Սյունիքի ամբողջական պատմությունը՝ այլ աշխատություններին զուգահեռ: Օրբելյան իշխաններն իրենց զորությունը կորցրել են 15-րդ դարի առաջին կեսին, իսկ հետագա դարերում այդպես էլ չեն վերագտել իրենց երբեմնի փառահեղ հեղինակությունը: