ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 17

Արատեսի վանք

Ըստ ավանդության՝ այս վանքի անունը ծագել է հայերեն «արի» և «տես» բառերից: Վանական համալիրը կազմված է մի շարք կառույցներից, այդ թվում՝ Սուրբ Սիոն եկեղեցին (9-10-րդ դարեր), Սուրբ Աստվածածին եկեղեցին (11-րդ դարակես) և Սուրբ Կարապետ եկեղեցին (13-րդ դարի վաղ շրջան): Գավիթը կառուցվել է 1270-ականներին Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների միջև: Հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են գավթի ստալակտիտավոր կամարաղեղներից մեկի բեկորները, որը բնորոշ է իսլամական և պարսկական ավանդական ճարտարապետությանը: Դարեր շարունակ Հայաստանը գտնվել է բազմաթիվ կայսրությունների խաչմերուկում: Եվ տարօրինակ չէ, որ հայկական եկեղեցիների ոճական հորինվածքներում նկատվում են հարևան կայսրություններից և մշակույթներից փոխառված ճարտարապետական առանձնահատկություններ:

Գրական աղբյուրները փաստում են, որ այս վանքում պահպանվել են սուրբ մասունքներ: Համալիրի տարածքում հայտնաբերված արձանագրություններում հիշատակություններ կան Պռոշյան և Օրբելյան իշխանների ռազմական հաղթանակների մասին: Վանքում գործել է ձեռագրատուն, որտեղ 1303, 1310 և 1586 թվականներին երեք ավետարաններ են գրվել: Վանական համալիրի ներսում և տարածքում գտնվող խաչքարերը՝ թվագրվող 17-18-րդ դարերով, վկայում են, որ Արատեսը դարեր շարունակ պաշտամունքի ակտիվ կենտրոն է եղել:

Արատեսի վանքի ավերակները

Լուսանկարը՝ Վլադիմիր Գրիգորյանի, «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ

Արատեսի վանք Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Պատմական տեսարժան վայրեր