ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 11

Բարձրաբերձ լեռները, զառիվայր կիրճերը, ջինջ գետակները և բերրի հովիտները սփռված են ամբողջ Վայոց ձորի մարզում: Այս տարածաշրջանում կարելի է հանդիպել նաև այնպիսի կենդանիների, որոնց մեծ մասն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում, որտեղ, ըստ Բնության պահպանության և բնական ռեսուրսների միջազգային միության սահմանած դասակարգման և չափորոշիչների, ներառվում են Հայաստանում հազվագյուտ և վտանգված կենդանատեսակները: Բեզոարյան այծեր, կովկասյան արջեր, վայրի վարազներ, արծիվներ, անգղներ, անգամ անորսալի կովկասյան ընձառյուծ կարելի է տեսնել Վայոց ձորի մարզի բլուրներում, ինչն էլ տարածաշրջանը գրավիչ է դարձնում հատկապես կենդանական աշխարհի սիրահարների համար:

Բնության պահպանման համար համատեղ աշխատանքներ են տանում «Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածք ծրագիրը, Վայոց ձորի մարզի տեղական համայնքները և միջազգային կազմակերպությունները, ինչպես, օրինակ՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը: Վերջիններիս նպատակն է պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունը հարյուրավոր բույսերի և կենդանատեսակների մշտադիտարկման միջոցով: Կարող եք հեռադիտակով հետևել անորսալի գառնանգղին կամ առավոտյան վաղ արթնանալ և մի ակնթարթ տեսնել բեզոարյան այծերի հոտը, իսկ տեղացի անտառապահները և ուղեկցորդները կարող են օգնել Ձեզ կողմնորոշվելու բնական լադշաֆտի ուղիներում՝ Ձեր ուշադրությունը սևեռելով ամենագրավիչ տեսարանների և կենդանիների վրա:

Խիստ, քարքարոտ և չոր տեղանքը, որ ձգվում է Արենի գյուղից մինչև Վարդենյաց լեռնանցք՝ 990 մետրից բարձրանալով մինչև 3522 մետր, աչքի է ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ: Բազմաթիվ գետերը, որ հոսում են տարածաշրջանում, դրանցից բխող աղբյուրները բարեբեր հող են ստեղծում ոչ միայն պտղատու և խաղողի այգիների, այլև՝ տարբեր տեսակի փոքր ծառերի և թփերի համար: Կիրճերի երկայնքով ձգվող գետափնյա տարածքներում աճող վայրի ծաղիկները և մրգերը կախարդող գունապնակ են ստեղծում: Դուք կարող եք բացահայտել բնական լանդշաֆտը ամենագնաց մեքենայով կամ ոտքով:

Բնություն (տեսանյութ)

Վայոց ձորի գեղատեսիլ բնապատկերները