News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 12

Միևնույն ժամանակ Թուրքիայում պետությունը տարածում էր պատմության պրիմորդիալիստական ազգայնական տարբերակը , որի կենտրոնում Քեմալ Աթաթյուրքի կերպարն էր ։ Ինոնյուն ներկայացվում էր վերջինիս ստվերում և հաճախ էր հայտնվում հետազոտական թեմաների սահմաններից դուրս ։
Հետազոտական մոդեռնիստական հայեցակարգերի ( Է . Գելլներ , Է . Հոբսբաում , Բ . Անդերսոն ) և պատմագրության նոր մոտեցումների և մեթոդների տարածմանը զուգընթաց փոխվեց նաև Թուրքիայի պատմության ուսումնասիրությամբ զբաղվողների հետազոտական թիրախը ։ Նրանք շարունակում էին հետաքրքրվել քեմալական արդիականացման հարցերով , սակայն հետազոտության ուշադրության կենտրոնում էին հայտնվում ոչ թե կենտրոնական իշխանությունն ու իր բարեփոխումները , այլ այնպիսի խնդիրներ , որոնց մինչ այդ կարևորություն չէր տրվում պատմաբանների կողմից ։ Վերջին երկու տասնամյակում թուրք և արևմտյան հետազոտողները ստեղծել են աշխատանքներ , որոնցում քննվում են այնպիսի թեմաներ , ինչպիսիք են քեմալական իշխանության կառուցվածքն ու գործունեության մեխանիզմները , ազգակերտման գործընթացը , էթնիկական քաղաքականությունը Թուրքիայի Հանրապետությունում , հասարակությունպետություն կապը , Թուրքիայի տնտեսական և սոցիալ-մշակութային առօրյան և այլն ։
Նշված պատմագրական ալիքի վրա վերանայվեց նաև Ինոնյուի դերը Թուրքիայի Հանրապետության կյանքում ։ Ստեղծվեցին հետազոտական աշխատանքներ , որոնք առնչվում էին Ինոնյուի գործունեության տարբեր հանգամանքներին ։ Դրանք բոլորը հպանցիկ անդրադառնում էին Ինոնյուի ավտորիտար իշխանության և անձի պաշտամունքի ձևավորման խնդիրներին , սակայն դրանցից ոչ մեկը չէր դիտարկում այդ երևույթների առաջացման պատճառները ՝ թուրքական հասարակության սոցիալ-մշակութային դինամիկայի տեսանկյունից ։ Հաճախ ավտորիտար իշխանական համակարգը և անձի պաշտամունքը մեկնաբանվում էին որպես քեմալիստների համար անխուսափելի գործիք ՝ քաղաքական և սոցիալական համակարգերի արագ բարեփոխման համար , ինչպես նաև որպես քեմալիստների վրա Եվրոպայում տարածված ամբողջատիրական ( տոտալիտար ) վարչակարգերի ուղիղ ազդեցության արդյունք ։
Հաշվի առնելով վերոնշյալը , ինչպես նաև այն հանգամանքը , որ ատենախոսության թեմայով համապարփակ աշխատանքները բացակայում են , ուսումնասիրության ընթացքում մենք օգտագործել ենք հայ , ռուս , թուրք և արևմտյան հետազոտողների այն աշխատանքները , որոնցում անդրադարձ կա Ինոնյուի նախագահության շրջանում սոցիալ-մշակութային դինամիկայի տարբեր հանգամանքներին ։
12