News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 11

Քեմալիզմի և Թուրքիայի Հանրապետության առաջին փուլի ուսումնասիրություններում տիրապետող մոտեցումը թելադրված էր արդիականացված և արևմտականացված Թուրքիայի մասին մետապատումով (metanarrative)։ Ռադիկալ արդիականացման գործընթացը, որ տեղի էր ունենում Թուրքիայում քեմալական վարչակարգի իշխանության օրոք (1923- 1950 թթ.), մեծ հետաքրքրություն էր առաջացրել արևմուտքում, ինչը հանգեցրել էր մեծ թվով գիտական և հրապարակախոսական աշխատանքների ստեղծմանը։ Դրանցում օտարերկրյա դիտորդները գերազանցապես հիանում էին արդիականացման արդյունքներով և արձանագրում «Նոր Թուրքիայի» ստեղծումը։ Ընդ որում, ինչպես ցույց է տվել հոլանդացի թուրքագետ Է. Յ. Զյուրխերը, բոլոր այս աշխատանքները ունեին երեք ակնհայտ թերություն։ 11 Առաջին՝ դրանցում հետազոտության կենտրոնում արդիականացման գործընթացի ներկայացումն էր, ոչ թե այդ արդիականացման բուն արդյունքները։ Երկրորդ՝ Մ. Քեմալ Աթաթյուրքի կերպարի հատուկ կարևորության պատճառով նրա մահվանը հաջորդող փուլը (1938թ. անդին) մանրամասն չէր ուսումնասիրվում։ Երրորդ՝ հետազոտողների մեծ մասը իրենց եզրակացությունները անում էին՝ հիմնվելով Անկարայում և Ստամբուլում արած դիտարկումների վրա։ Մինչդեռ Թուրքիայի բնակչության շուրջ երկու երրորդը ապրում էր գյուղական բնակավայրերում։ Այդպիսով, երկրում արդիականացման գործընթացների մեծ մասը բավականաչափ ուշադրության չի արժանացել հետազոտողների կողմից։ Իրենց հերթին, այս թերությունները սահմանափակում էին արդիականացման թուրքական մոդելի և ներկայիս Թուրքիայի վրա դրա ազդեցության համակողմանի ուսումնասիրության հնարավորությունները։ Բացի այդ, վերոնշյալ մոտեցումով պայմանավորված՝ Ինոնյուի նախագահության շրջանը չէր դիտարկվում որպես ինքնուրույն ժամանակամիջոց, այլ բացառապես որպես նախա-ժողովրդավարական փուլ։ Հետևաբար, այս ընթացքում տեղի ունեցած երևույթներն ու իրադարձությունները բավական չափով չեն խնդրականացվում։ Ոչ պակաս կարևոր է նաև հետևյալ հանգամանքը. Ինոնյուի նախագահության շրջանը համընկավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այս շրջանի վերաբերյալ ուսումնասիրությունների հետազոտական շրջանակները առավելապես ընդգրկում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ թեմաները։ Եւ թերևս դա էր պատճառը, որ Թուրքիայի ներքին կյանքում ընթացող գործընթացները հետազոտողների կողմից բավականաչափ ուշադրության չարժանացան։                                                                                                                         11 Zürcher E.J., The limits of modernization in Kemalist Turkey 1923-1945. P. 7. Academia.edu. https://www.academia.edu/5726056/The_limits_of_modernization_in_Kemalist_Turkey_1923- 1945 11