LAYOUT June #2(14) | Page 4

2. Տեսնում եմ, գրում եմ #պատկերացրու Ճարտարապետները գրում են իրենց սիրած, ոգեշնչած շենքի, այգու, ինտերիերի, անցումի կամ նույնիսկ դետալի մասին, բայց որտեղ անձամբ եղել են, տեսել են։ Լուսանկար չկա։ Ընթերցողը միայն տեքստի միջոցով կպատկերացնի, թե ինչի մասին են գրում ճարտարապետները ։ Միտքը՝ Անի Պապյանի Ի դեպ, կարող ես կարդալուն զուգահեռ նկարել պատկերացրածդ։ Հատված Փիթեր Զումթորի "Thinking architecture" գրքից։ Ապակե միջնորմը բաժանում է հին հյուրանոցի նեղ միջանցքի երկարությունը։ Ներքևում՝ դռան փեղկ, վերևում՝ ամուր ֆիքսված ապակե հատված՝ առանց շրջանակի, ապակե հատվածները անկյուններում սեղմված էին և ամրացված երկու մետաղական սեղմակներով։ Արված էր սովորական, ոչ մի հատուկ բան։ Իհարկե, ոչ ճարտարապետի կողմից արված։ Բայց ինձ դուր եկավ դուռը։ Արդյո՞ք դա երկու ապակե փեղկերի համաչափությունն էր, թե սեղմակների ձևն ու դիրքը, ապակու փայլը մութ միջանցքի խամրած գույների մեջ կամ վերևի ապակե հատվածն էր, որն ավելի երկար էր, քան միջին բարձրությունը դրանից ներքև գտնվող դռան, որն ընդգծում էր միջանցքի բարձրությունը։ Չգիտեմ։ Դուռ Փիթեր Զումթոր 1. Կանաչի մեջ հայտնվում են գույներ, ուղղանկյունանիստ ծավալներ՝ օդում կախված: Կանաչի մեջ կարմիր, դեղին, կապույտ….երկրաչափական ծավալները կարծես թե պոկվում են կառույցից: Կարմիր գույնը շարժվում է քեզ հետ՝ վերածվելով մեկ կառույցի տակ բացօթյա տեղեկատու կենտրոնի առաստաղի, մեկ բետոնե հատակին կամ որևէ այլ տեղ ուղղորդող նշանների: Այն առանձնացնում և շեշտում է տարբեր երկրաչափական հարթություններն ու ծավալները: Գույնը տեղաշարժվում է կառույցի ներսույթ, մի պահ ձուլվում, կարծես անհետանում գրեթե սև միջավայրում՝ փոխակերպվելով ներկայացվող ցուցանմուշների, որոնք կարծես կախված են տարածության մեջ, քանի որ տեղադրված են ապակե ցուցափեղկերի մեջ: Ուղղորդող պատերը, որոնք որպես հարթություններ են ծառայում նաև ցուցադրության ներկայացման համար՝ շարժում մտցնելով միջավայրում, աստիճանաբար փոխակերպվում են թեքահարթակի: Այն ամենալուսավոր հատվածն է, որտեղ այլևս չես նշմարում գույներ, բայց անընդհատ շարժվող տառեր ու տեքստեր են ուղղորդում քեզ: Թեքահարթակը հասցնում է քեզ վերևում գտնվող գունավոր ծավալներին, բայց արդեն տեսնում ես դրանք ոչ թե դրսից՝ կանաչի մեջ, այլ ներսից՝ գրեթե մթության մեջ: Քե Բռանլի թանգարան, Ժան Նուվել Քրիստինե Աբրահամյան