"Koriz" # 10 | Page 6

Մուսաների հավաքատեղին
Գետափնյա փողոցով քայլելիս անհնար է չնկատել երկհարկանի , փայտե նախշազարդ պատշգամբով այս կառույցը , որն իր մեջ ամփոփում է տարիների ընթացքում կուտակված հուշեր , հանդիպումներ ու բազում պատմություններ ։ Այն Երեւանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղն է ։ Շատերին հայտնի է նաեւ որպես իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը Դիլիջանում ։
Շենքը կառուցել է թիֆլիսեցի մեծահարուստ վաճառական Սամսոն Բեկ-Հարությունյանը 1896 թվականին : Հետագայում Սամսոն Բեկ-Հարությունյանն այն նվիրել է թիֆլիսահայ իշխանուհի Մարիամ Թումանյանին :
Մարիամ Թումանյանը ( 1870-1945 ) ` հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրը , ծնվել է Թիֆլիսում : Կրթությունը ստացել է Գայանյան դպրոցում , այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում : 17 տարեկան հասակում ամուսնացել է տարքով իրենից կրկնակի մեծ , հրապարակախոս , հասարակական գործիչ Գեորգի Թումանովի հետ` ոտք դնելով իշխանական մի ընտանիք , որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում : Նա հեղաշրջում է կատարում այս տանը` հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին : Մարիամ Թումանյանը Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի ( աղջիկների ) կազմակերպիչն ու պատասխանատուն : Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել Աբասթումանի առողջարանը թոքախտով հիվանդների համար : Առաջին աշխարհամարտի տարիներին տիկին Թումանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ գաղթականների համար ստեղծվեցին կազմարարական ,
ջուլհակագործական , կարի ու կոշկագործական արհեստանոցներ : Նա վճռական դեր է խաղացել մանավանդ Հովհ . Թումանյանի ստեղծագործական կյանքում :
Իշխանուհին ամառանոցը դարձրել է մուսաների հավաքատեղի , և հաճախ այս տանն են հյուրընկալվել Հովհաննես Թումանյանը , Ալեքսանդր Շիրվանզադեն , Արմեն Տիգրանյանը , Լեոն , Ավետիք Իսահակյանը , Ազնիվ Հրաչյան , Հովհաննես Աբելյանը , Իսահակ Ալիխանյանը , Արուս Ոսկանյանը , Աղասի Խանջյանը , Ասքանազ Մռավյանը , Մաքսիմ Գորկին , Եղիշե Չարենցը , եւ այլոք :
Տան վերջին բնակիչը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հովհաննես Շարամբեյանն էր , ով տունը վեր է ածում ժողովրդական արվեստի թանգարանի 1979 թվականի սեպտեմբերի 15-ին : Թանգարանում ներկայացված են կիրառական արվեստի խառը ժանրերի աշխատանքներ ՝ փայտարվեստ , ասեղնագործություն , ժանյակագործություն , արծաթագործություն , փայտի գեղարվեստական մշակում և փորագրություն , գոբելեն , գորգագործություն , կարպետագործություն , ինչպես նաև Հովհաննես Շարամբերյանի գտածոները : Թանգարանն ունի բավականին հարուստ ֆոնդ , այն կազմում է 1000 ցուցանմուշ , որից ցուցադրվում է 547-ը : Թանգարանում ներկայացված են թե ՛ Դիլիջանի , թե ՛ Երևանի արվեստագետների ստեղծագործությունները :
« Շենքը կանգուն է ։ Այն համարվում է Դիլիջանի ամենահին կառույցներից մեկը և պատմական հուշարձանների շարքում է ։ Թանգարանում կազմակերպվում
են մի շարք միջոցառումները ՝ գրական ընթերցումներ , ցուցահանդեսներ ։ Ելույթ է ունեցել նաև « Գեղարդ » երգեցիկ խումբը ։ Համագործակցում ենք նույնսկ շնորհալի այցելուների հետ : Հաճախ Հովհաննես Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցը այստեղ
դասընթացներ է անց կացնում , - պատմեց թանգարանի գիտաշխատող Անահիտ Կարապետյանը ՝ « Կորիզի » -ի լրագրողներին »:
Թանգարանը սերտորեն համագործակցում է Երկրագիտական և Ժողովրդական արվեստի թանգարանների , ժամանակին նաեւ Արգելոց թանգարանի հետ ։
« Մենք փոխգործնական հարաբերությունների մեջ ենք մինչ այսօր : Հաճախ ցուցահանդեսներ ենք ունեցել Արգելոց թանգարանի հետ , ներկայացրել ենք Դիլիջանի կենցաղը ։ Հին Դիլիջանի հետ կապված շատ ցուցանմուշներ պահպանվում էր հենց Արգելոց թանգարանում : Ավա ՜ ղ , այդ թանգարանն այլեւս չի գործում : Ամբողջ Դիլիջանի ոգին գտնվում էր հենց այդ թանգարանում և այն ուներ բավականին հարուստ ֆոնդ », - նշեց Անահիտ Կարապետյանը ։
Թանգարանը բաց է իր այցելուների առաջ ամեն օր ( բացի երկուշաբթի ), ժամը 11:00-17:00 :
Աննա Թորոսյան եւ Անի Խառատյան
Դիլիջանի ավագ դպրոց
6