"Koriz" # 10 | Page 4

3 2 1 Փայտե պատշգամբներից ներս Դիլիջան «Կորիզ»-ն սկսում է նոր շարք. կարմիր կղմինդրե տանիքների, վարդագույն տուֆից տների, փայտյա պատշգամբների քաղաքն այսուհետ բացահայտելու ենք հասցե առ հասցե։ Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն բնորոշող տարբեր հատկանիշներ․ դրանցից են ճարտարապետությունն ու շինությունները։ Դիլիջանն իր ոճն ունի, որը հենց այդպես էլ կոչվում է ՝ դիլիջանյան ոճ։ Քաղաք Դիլիջան։ Սայաթ-Նովա 13։ Դիլիջանյան վառ կոլորիտը, համն ու հոտը փոխանցվում են դեռ փողոցից. ոգեշնչող է տան մի մասը ծածկող խաղողի որթը, որ տարիների պատմություն ունի։ Բակում՝ մինչև ներս մտնելը, կարելի է տեսնել հին, արդեն չօգտագործվող թոնիր, որը, սակայն, մինչ այսօր էլ կարող է աշխատել, ինչպես տարիներ առաջ։ Հյուրընկալ Սայաթ Նովա 13-ում մեզ դիմավորում է ընտանիքի դուստր Նեկտարը՝ երեխան գրկին։ Արդեն երկար տարիներ այստեղ բնակվում է Մանուկյանների ընտանիքը։ Ներս մտնելուն պես մեր ուշադրությունն է գրավում տան հյուրասենյակի պատից կախված Աբո պապիկի և 4 իր մեքենայի նկարը։ Նա Նեկոյի (Նեկտարի) պապիկն է, ով ժամանակին հայտնի վարորդ է եղել, իսկ նկարի մեքենան առաջին «Մերսեդես» մակնիշի մեքենաներից է, որը նա անձամբ է Ստալինգրադից հասցրել Դիլիջան։ Ընտանիքի անդամները հպարտությամբ նշում են՝ պապիկի ավտոմեքենան թանգարանում է՝ դրսերում։ Տան ճարտարապետությունը մեզ չէր խաբել. մենք իսկապես հարուստ ավանդույթներով ու հետաքրքիր պատմություն ունեցող տուն էինք մտել։ Ընտանիքի հայրը՝ Ռաֆիկը, Դիլիջանում եղել է ավտոբուսի վարորդ և երաժիշտ։ Նա Բաքվում աշակերտել է հայտնի երաժիշտ Գեորգի Մարտիրոսովի մոտ, նվագել փողային գործիքներ՝ կլարնետ, դուդուկ, հանդես է եկել Դիլիջանի մշակույթր պալատում։ Պարզվեց, որ Մանուկյանները երաժշտական ընտանիք են․ Ռաֆիկը նվագել է կլարնետ, նրա երկու քույրերը՝ քանոն, եղբայրը՝ ակորդեոն, որդին նույնպես կլարնետ է նվագում։ Չնայած նրան, որ ի տարբերություն եղբոր՝ Նեկտարը չի ստացել երաժշտական կրթություն, այնուամենայնիվ նա էլ է տիրապետում երաժշտության լեզվին և կարողանում է կլարնետ նվագել։ Նեկոն հիշում է, որ երբ փոքր էին, իրենց հայրիկը նվագում էր, իսկ նրանք պարում էին։ Ասում է՝ հատուկ առիթ պետք չէր, հայրիկը սիրում էր նվագել, մենք էլ սիրում էինք նրա նվագը։ Մինչ այսօր երաժիշտ Ռաֆիկի բոլոր գործիքները պահվում են տանը և փոխանցվում սերնդից սերունդ։ Մեծ, սև ճամպրուկի մեջ խնամքով դասավորված կլարնետները այնքան հին են, որ թվում է՝ խնդրես, ամբողջ Դիլիջանի պատմությունը կպատմեն։ Տխուր ու ուրախ բոլոր այն պատմությունները, որոնց ներկա են եղել։ Նեկտարն արխիվից իրենց լուսանկարներն է հանում։ Անգամ՝ տան կառուցման լուսանկարները կան։ 1982 թվականին տունը վերանորոգվել է, և ինչ-ինչ բաներ փոխվել կամ ավելացել են, սակայն դրանից չի փոխվել տան մթնոլորտը և ներդաշնակ միջավայրը։ Վերանորոգման հարցերով հիմնականում զբաղվել է Աբո պապիկը։ Երբ դուրս ես գալիս պատշգամբ, պարուրաձև աստիճանները, որ փաթաթված են խաղողի որթով, տանում են երկրորդ հարկ։ Այս հարկը կարծես թանգարան լինի․ պահպանվել էր նույնիսկ Նեկոյի հորեղբոր մանկության օրորոցը՝ երկաթյա, անշուք, բայց հրաշալի։ Շատ հետաքրքիր էր անկյունում դրված մեծ կուժը, որ իրականում նախատեսված չէր ջրի համար։ Խոյերով ու նռան նախշով զարդարված այդ առարկան կուժ չէր, այլ․․․․․․ էլեկտրական թոնիր։ Այն շատ լավ էր պահպանվել, այնքան լավ, որ կարծես խորոված սարքելու էր կանչում։ Այդ գեղեցիկ, հնաոճ փայտե տունն իր մեջ կրում է Դիլիջանի պատմությունը, մշակույթը, և, չնայած այսօր Նեկտարը, իր քույրն ու եղբայրը չեն բնակվում Դիլիջանում, միևնույնն է՝ այս տունը չի մոռացվում, պահպանվում է և պահպանվելու է Նեկոյի երեխաների և նրանց քույր- եղբայրների շնորհիվ, որպեսզի միշտ լինի պատշգամբից ներս ևս մի Դիլիջան։ Անի Խառատյան Դիլիջանի ավագ դպրոց