Gyumri | Page 28

Տերյան փողոցի առաջին խաչմերուկից թեքվելով աջ կհասնեք Աճեմյան փողոց։ Քաղաքի այս հատվածում մի մեծահասակ կնոջ հանդիպեցինք, ով հրաժարվեց նշել իր անունն ու լուսանկարվել, բայց սիրով պատմեց մեզ իր տան պատմությունը:

Պարզվում է, որ այս տանն է նկարահանվել «Հին օրերի երգը» ֆիլմից մի հատված։ Տունը պատկանել է Յուզբաշով անունով մի հարուստ առևտրականի, ում որդուց էլ իր ամուսնու պապը գնել է այդ տունը։

«Ես պահպանել եմ այս տունը, թոռներիս ու որդուս էլ խնդրել եմ, որ պահպանեն այս ամենը, չէ որ մեր հին Գյումրուց մնացած հարստություններից մեկն է», նշեց նա:

Տան մյուս մասը հիմա մեկ այլ մարդու է պատկանում, բայց տիկինն ուրախ է, որ բակն ու նկուղը մնացել են իր հատվածում: Ի դեպ, տան նկուղը պատկանել է Կումայրի արգելոց թանգարանին և մինչև օրս էլ այնտեղ պահվում են կարպետներ ու էլի շատ ու շատ հին իրեր:

Փողոցի բնակիչներից նաև իմացանք, որ հնում այստեղ ապրել են միայն ազգությամբ ռուսները, իսկ փողոցի ծայրամասում ռուս զինվորների հանրակացարանն է եղել: