Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 91

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Ոստիկանները Սամվելին ու Տաթևին ներս ուղեկցեցին: -Նրանց բռնեցի՞ք, - մի կերպ կարողացավ հարցնել Սամվելը իրեն ուղեկցող ոստիկանին: -Հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է: Նրանց էլ արդեն հայտնբերել ենք, հեռու չէին հասցրել փախչել: Սամվելին պառկեցրին: Տաթևը նստեց կողքին: -Ինչ եղավ, քեզ չեն վնասե՞լ, - հարցրեց Սամվելը: -Չէ, բախտս բերեց, որ Բադալյանն ինձ փակեց սենյակում: -Իսկ ի՞նչպես դուրս եկար, - զարմացավ Սամվելը: -Այնպես, ինչպես մենք մտանք Սարգսյանի աշխատասենյակ, ծիծաղեց Տաթևը, - ես դուրս եկա հենց այն պահին, երբ դրանք հեռացան: Նրանք իմացել էին, որ ոստիկաններն այստեղ են գալիս, այդ պատճառով էլ շտապում էին րոպե առաջ փախնել: - Փաստորեն միայն այն երեքը չեն: -Նրանք միայն կատարողներն էին, - շարունակեց Տաթևը,- ես դռան մյուս կողմից լսում էի նրանց խոսակցությունները: Երբ տանից դուրս եկան, ես արդեն բացել էի դուռը: Հետո նկատեցի, որ լողավազանում ես, դե հետո արդեն ինքդ գիտես: -Ա՜, ուրեմն դո՞ւ ես ինձ դուրս հանել ջրից: Տաթևը միայն գլխով համաձայնության նշան ցույց տվեց: -Իսկ ո՞ւր է կրիչը: -Թաքցրել եմ այն սենյակում, որտեղ ինձ բանտարկեց, այն մեկը մեկ այլ կրիչ էր, որ հասցրեցի վերցնել Անահիտից: -Ես հասկացա միայն այն ժամանակ, երբ Բադալյանն ինձ արդեն հավատացրել էր, թե դու անմիջական կապ ունես ահաբեկիչների հետ: 91