Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 86

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Հանկարծակիի եկած Բադալյանը փորձեց մի քայլ հետ գնալ ու ընկավ հատակին, բայց միայն նա չէր: Ինչ որ մեկի գեր մարմինը հայտնվեց Բադալյանի ոտքերի մոտ: Լսվեցին աղաղակներ: «Աստվա՜ծ իմ, նորից նրանք»: Սենյակ խուժեցին չորսը: Երեքը մինչև ատամները զինված էին, իսկ մյուսը, ում հրեցին ու պառկեցրին հատակին ոչ այլ ոք էր քան Գաբրիելյանը: Ահաբեկիչներից մեկը ինքնաձիգի կոթով հարվածեց Սամվելին ու վերջինս դարձավ երրորդ պատանդը: Գաբրիելյանին հետևել էին ու հասել տեղ: Ահաբեկիչները ինչ-որ կցկտուր բառեր էին արտասանում: «Հաստատ հայեր չեն, - մտածեց Սամվելը: - Աստված իմ, եթե պիտի սպանվեմ սրանց ձեռքով, ուրեմն միայն արժանապատվորեն»: Փորձեց վեր կենալ, բայց երեսին ստացավ հաջորդ հարվածը: Արյունը լցվեց բերանն ու աչքերը: Ականջին հասան Գաբրիելյանի խոսքերը. -Տականքներ, սպանում եք` դե սպանեք, - գրեթե գոռաց Գաբրիելյանն ու փորձեց վեր կենալ: Բադալյանը փորձեց կանգնեցնել ու ձեռքը բռնեց: Մի պահ լռություն տիրեց, ու պայթեց կրակոցի ձայնը: Փակ սենյակում օդը թնդաց պայթյունից: Սամվելի` արյունով լցված աչքերը միայն տեսան ինչպես Գաբրիելյանի մարմինը տապալվեց ու ընկավ իրենից մի քանի սանտիմետր այն կողմ: Արյունը սկսեց տարածվել դիակի շուրջը: Կրակողն ահասարսուռ ու հիստերիկ կերպով սկսեց ծիծաղել: -Կապել երկուսին էլ,- հրամայեց նրանցից մեկը: Սամվելին պառկացրին, ապա ձեռքերն ամուր կապեցին: Վիրավոր ձեռքի ցավը ստիպեց, որ ճչա, բայց ձայնը կոկորդից դուս չեկավ, բերանն ամբողջությամբ արյամբ էր լցված: 86