Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 8

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Սամվելը փորձեց շրջել նրան, որպեսզի վիրավորը կարողանա շնչել: -Ոստիկանություն, շտապ օգնություն կանչե՛ք, - գոռաց նա: -Չտա՛լ, չտա՜լ ոչ մեկին, - հազիվ կարողացավ արտաբերել վիրավորն ու ձեռքը մեկնեց դեպի Սամվելը: -Մի խոսեք, ամեն ինչ լավ կլինի, լսո՞ւմ եք: -Չտա՜լ, - շարունակեց վիրավորը: -Զանգեցի՞ք շտապ օգնություն, - հարցրեց Սամվելն իրեն մոտեցած մարդկանց: Մի քանիսը գլխով արեցին: Սամվելի ուշադրությունն այդ պահին գրավեց երիտասարդ կինը: Նա ահից երկու ափերով ծածկել էր դեմքը: Այդ կինը վայրկյաններ առաջ հենց նույն մեքենայում էր: Սամվելը փորձեց բարձրացնել վիրավորի գլուխն ու միայն այդ պահին ճանաչեց նրան` գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն էր: Սամվելը կրկին հայացք գցեց Տաթև Ստեփանյանի ուղղությամբ, բայց կինը կորել էր ամբոխի մեջ: *** Մեդիամոլ լրատվականի գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանն ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Դեպքից րոպեներ անց շտապ օգնության մեքենան ծանր վիրավորին տեղափոխեց հիվանդանոց, իսկ լրագրողները, մարդիկ ու ոստիկաններն անմիջապես շրջապատեցին դեպքի վայրը: Սամվելը ուշքի չէր գալիս կատարվածից հետո: Սեփական աչքի առաջ, օրը ցերեկով նման հանցագործություն: 8