Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 76

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Պարոն Բադալյան, խնդրում եմ, հանգստացեք: Ես ամեն ինչ կբացատրեմ: Խնդրում եմ զենքը մի կողմ տարեք… -Լռի՛ր, - բղավեց Բադալյանը, - չասես ոչ մի բառ: Հանի՛ր գրպանիցդ այն, ինչ գողացել եք Սարգսյանի աշխատասենյակից: Սամվելի ու Տաթևի հայացքները խաչվեցին: -Ես այն միայն համապատասխան անձանց կտամ… -Հենց հիմա տուր այն, թե չէ ամեն ինչ ավելի վատ կլինի: Բադալյանը մեկ քայլ առաջ եկավ ու ատրճանակն ուղղեց Տաթևի ճակատին: Սամվելը փորձեց ոտքի կանգնել: -Մնա՛ տեղդ: Սամվելին ամեն ինչ ավելի պարզ էր դառնում թե ինչու Բադալյանը փորձեց օգնել: Նախարարն անմիջական կապ ունի այս ամենի հետ և իրեն անհրաժեշտ է վերացնել վերջին ապացույցը: -Տաթև, ես խաղ չեմ անում: -Ես կտամ ձեզ, բայց եթե արդարության կողմնակից եք, խնդրում եմ զանգահարեք ոստիկանություն, իրենք կպարզեն ով է անմեղ, և ով մեղավոր: -Լռի՛ր: Իհարկե կապացուցեն. չէ՞ որ դու հասցրել ես վկայով ապահովագրել քեզ: Հանիր հենց հիմա... թե՞ ես հանեմ: Տաթևը ձեռքը տարավ գրպանը, դանդաղ հանեց կրիչն ու մեկնեց Բադալյանին: Բադալյանն արագ վերցրեց այն ու մինչ կհասցներ մեկ քայլ հետ գնալ, Սամվելը հարձակվեց: Բադալյանն անակնկալի գալով ատրճանակն ուղղեց Սամվելի կողմ: Տաթևը հասցրեց որքան ուժ ուներ աքացի տալ: Լսվեց կրակոց: Բայց Սամվելն արդեն իսկ հասցրել էր բռնել նախարարի ձեռքն ու շեղել կրակոցի ուղղությունը: Բադալյանին հաղթել ավելի դժվար էր: Ուժեղ հարվածը Սամվելի վիրավոր ձեռքին ստիպեց, որ վերջինս հետ ընկնի բազմոցին: 76