Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 74

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Բերեք հայտնաբերված հագուստը,- ասաց Մեսրոպյանը: Ոստիկանության լեյտենանատը պոլիէթիլենային թափանցիկ տոպրակով փաթաթված հագուստը հանձնեց ու արագ հեռացավ: -Հագուստին ամրացված է կեղծ ոստիկանական տարբերանշան, առանց տոպրակից հանելու` ցույց տվեց Գալստյանը, - սա ենթադրում է, որ ով էլ որ հանդիսանում է հագուստի տերը, արդեն իսկ օրենքի խախտում է կատարել: Լեյտենանտը կրկին մոտեցավ ու թուղթ մեկնեց Գալստյանին, ապա ներողություն խնդրելով հեռացավ: Գալստյանը մի հայացք գցեց թղթի վրա ու դեմքին հայտնվեց ժպիտ: -Պարոն Մեսրոպյան, սա էլ ապացույցը, - դատաբժշկական եզրակացությունը մեկնելով խոսեց Գալստյանը, - հագուստը պատկանել է սպանված և ինքնությունը դեռևս չբացահայտված տղամարդուն: Քիչ առաջ դատաբժիշկները մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերել են դաջվածքներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան անձամբ դրանց տերը: Գալստյանը Մեսրոպյանին մեկնեց մի քանի լուսանկար: Մեսրոպյանի ձեռքում սահմռկեցուցիչ լուսանկարներ էին: Այնտեղ մարդկային մարմիններ էին` անդամահատված, հրազենային վնասվածքներով և ամբողջովին արյան մեջ կորած: -Սրանք արցախյան պատերազմի ժամանակ սպանված աֆղան մոջահեդների դիակներ են, - բացատրեց Գալստյանը: «Ի՞նչ է նշանակում ամենը», - ինքն իրեն հարցրեց Մեսրոպյանն ու հարցական հայացքով նայեց Գալստյանին: -Տենո՞ւմ եք դաջվածքները, - շարունակեց Գալստյանը, - նման կիսալուսնաձև դաջվածք ունի նաև սպանվածը: -Միջազգային ահաբեկչական խումբ, - բացականչեց Մեսրոպյանը: 74