Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 71

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Մենք մի ելք ունենք մեզ ապահովագրելու համար, ավելի շուտ` ապացույցն ապահովագրելու, եթե անգամ մեզ հետ մի բան պատահի: -Ի՞նչ ես առաջարկում, - զարմացած հարցրեց Տաթևը Սամվելին: Մի պահ լռություն տիրեց: Սամվելը փորձում էր հասկանալ ինչ կերպ կարձագանքի Տաթևը իր առաջարկին: -Հրապարակել կրիչի պարունակությունը, - վերջապես խոսեց Սամվելը: -Այո, իսկապես ինչպես չէի մտածել մինչ այդ, բայց մեկ րոպե, շփոթվեց Տաթևը, - այդ կերպ մենք ի վիճակի չենք լինի ապացուցել մեր անմեղությունը: Ավելին, կդառնանք այս ողջ հանցագործությունների շարունակողը… -Տաթև, ինչի մասին ես խոսում: Մենք հանուն արդարության են պայքարել: Հիմա միակ ելքը դա կարող է լինել: Տաթևին համոզիչ չթվաց Սամվելի ասածը, առավել ևս եթե ուզենա իր կայքի միջոցով հրապարակել, ապա մտածում է միայն սենսացիայի մասին: Այդ կերպ իրենք կորցնում էին միակ ապացույցի «հեղինակային իրավունքը», բացի այդ էլ այն տեղեկույթը, որին տիրապետում է ինքը ու հիմա այն ընդամենը մեկ փոքրիկ կրիչի մեջ է, գուցե ենթակա չէ հրապարակման և կարող է էլ ավելի վատթարացնել առանց այդ էլ վատ վիճակը: Բայց հաջորդ վայրկյանին մի կողմ վանեց այս միտքը: Պետք է ապահովագրել ամեն դեպքում: -Սպասիր տեսնեմ ուր գնաց Բադալյանը, գուցե հաջողվի գտնել համացանցին միանալու որևէ միջոց: -Նաև հեռախոս, - ավելացրեց Սամվելը: Հազիվ էր Տաթևը մոտեցել դռանը, երբ այն արագ բացվեց: Շեմքին հայտնվեց Բադալյանը` այլյայլված դեմքով ու հրեշավոր հայացքով: 71