Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 7

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Երիտասարդ կինը նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետն էր: Վերջերս իր հրապարակած հոդվածներից մեկը մեղադրանքներ էր պարունակում հատկապես նորանշանակ պետի՝ Տաթև Ստեփանյանի աշխատանքի վերաբերյալ: «Հետո կասեն, թե լրագրողներն անգամ իրենց անձնական կյանք են ներխուժում», - մտքում ասաց Սամվելն ու բարձրացրեց մեքենայի կողապակիները՝ պատրաստվելով դուրս գալ: Բայց այդ պահին շքեղ մեքենայի դուռը բացվեց ու տիկին Ստեփանյանը դուրս եկավ մեքենայից: Սամվելին կրկին թվաց, որ տիկին Ստեփանյանը մի փոքր զայրացած է: Մեքենայի դուռը սովորականից ուժեղ փակվեց: Կինն արագ քայլերով հասցրեց շրջանցել մի քանի կայանած մեքենաներ ու արդեն բավական հեռացել էր, երբ տղամարդը ևս մեքենայից փորձեց իջնել: Հանկարծ Սամվելի ականջին հասավ մեկ ուրիշ մեքենայի անիվների ճռռոց, ապա տեսադաշտում հայտնվեց հենց մեքենան: Մինչ Սամվելն ինքն իրեն կհարցներ, թե տեսնես` ո՛ր պաշտոնյայի անդաստիարակ տղան է Կառավարական շենքի մոտ նման բան անում, կատարվեց անսպասելին: Արագ ընթացող մեքենայի կիսաբաց պատուհանից Սամվելը նկատեց ինքնաձիգի փողը, ապա լսվեց վեց-յոթ կրակոց հենց իր ու իր կողքին կայանած մեքենաների ուղղությամբ: Երբ բարձրացրեց գլուխը հասկացավ, որ թիրախը պաշտոնյան էր և ոչ թե ինքը: Մի քանի մեքենաների ազդանշանային համակարգերը գործի ընկան, լսվեցին առաջին ճիչերն ու օգնության կանչերը: Սամվելը ոչ թե իջավ, այլ դուրս թռավ ու վազեց դեպի վիրավորը: Միջին տարիքի տղամարդը դեմքով դեպի գետինն էր պառկած՝ ամբողջովին արյան մեջ: 7