Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 69

Արմեն Մխեյան Դավաճանության գինը ՄԱՍ ԵՐՐՈՐԴ *** -Կարող եք զգալ ինչպես ձեր տանը: Այստեղ մենք մենակ ենք, ամեն դեպքում անվտանգ ու ապահով: -Պարոն Բադալյան, իսկ մենք որտե՞ղ ենք: -Ա՜… ես մոռացա ասել: Այս առանձնատունը եղբորինս է: Նրանք ընտանիքով Հանրապետությունում չեն, ես էլ ստիպված եմ հետևել: -Գեղեցիկ առանձնատուն է, - քթի տակ խոսեց Սամվելն ու ընկավ բազմոցին: - Ես հիմա կկանչեմ հարևանուհուն, նա բուժքույր է, կօգնի: -Մինչ այդ, պարոն Բադալյան, խնդրում եմ կապվել ոստիկանապետի կամ ԱԱԾ-ի հետ: -Իհարկե, հիմա կկապվեմ, բայց նախ օգնություն ցույց տանք նրան, - Սամվելին նայելով դուրս եկավ Բադալյանը: -Ի՞նչ, այստեղ սպասելու ենք մինչև ոստիկանապետն իր ոտքով գա մեզ տեսակցությա՞ն, - սկսեց Սամվելը, երբ Բադալյանը իր հետևից փակեց դուռը: -Քանի դեռ մենք այստեղ ենք, ուրեմն ապահով ենք, և կրիչը նույնպես: Հիմա առավել քան պետք է պահպանել միակ ապացույցը, որը կա մեր ձեռքին: Տաթևը սկսեց ուշադիր զննել Սամվելի վերքերը: -Լուրջ վնասվածք չկա կարծես, հաստատ չես մեռնի, - ծիծաղեց Տաթևը: 69