Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 60

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Կինը սննդի անվտանգության տեսչության պետն է` Տաթև Ստեփանյանը, ով արդեն իսկ հետախուզման մեջ է, իսկ տղամարդը լրատվական կայքերից մեկի խմբագիր: -Սատանան գլուխ չի կարող հանել անգամ այս ամենից: Գրողը տանի, ինչ է՞, նրա՞նք են այս ամենն արել: Տեսագրությունում պարզ երևում էր` ինչպես են հաջողացնում դուռը բացել: Մինչ տղամարդը կոտրում է փականը, կանայք փորձում են զանգահարել, և կարծես Տաթևը հեռախոսազրույց է ունենում, որից հետո երեքով մտնում են փոխնախարարի աշխատասենյակ: Եռյակը հայտնվում է մյուս էկրանին` արդեն աշխատասեյակում: Տղամարդն ու Տաթևը չհրկիզվող պահարանի մոտ են: Հստակ կարելի է տեսնել` ինչպես է տղամարդը փոխանցում բանալի` պահարանի բանալին: Թեև ձայն չկա, սակայն դժվար չէ նկատել, որ Տաթևը բարկացած տեսք ունի: Մյուս կինը մոտենում է պահարանին ու հավաքում ծածկաթիվը: Վերջին դրվագը պահարանի դռան բացումն է, ու տեսանյութն ավարտվում է: -Այս մեկն էլ են անջատել հենց այստեղից, - բացատրեց երիտասարդ քրեագետը: «Եթե այստեղից, ապա ինչպես են միայն մեկ հոգու մատնահետք գտել: Ո՞վ է անջատել, անվտանգության աշխատակի՞ցը, թե հանցագործները: Ձեռնոցները… Մյուս սպանված անվտանգության աշխատակցի ձեռքին ռեզինե ձեռնոցներ կային»,- հիշեց Մեսրոպյանը: Դռան մոտ երևաց Գալստյանը: -Պարոն գնդապետ, ականատեներ կան ովքեր տեսել են ինչպես են պատուհանից երկու հոգի ոստիկանության ժամանման պահին դուրս եկել: Նրանից մեկը` տղամարդը, վիրավոր է եղել: 60