Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 55

Արմեն Մխեյան Դավաճանության գինը *** Բադալյանը Կառավարական տան մուտքի մոտ այդպես էլ չկարողացավ կայանել մեքենան, ավելի ճիշտ ոստիկանները թույլ չտվեցին: Այն հարցին, թե ինչ է կատարվել, ոստիկանության ավագ լեյտենանտը հակիրճ պատասխան տվեց` սպանություն: «Ահաբեկչություն, կազմակերպված ահաբեկչություն, Տեր Աստված»: Նալբանդյան և Արամի փողոցներն ամբողջությամբ ոստիկանական մեքենաներով շրջափակված էին: Վերջապես նրան հաջողվեց մեքենան կանգնեցնել ու դուրս գալ: Շուրջը ոստիկաններ էին ու լրագրողներ, ովքեր շտապում էին Կառավարական շենք: Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց երկու անցորդների տարօրինակ քայլվածքն ու հատկապես այն, որ նրանք ամբոխին հակառակ էին գնում ու ասես շտապում էին վայրկյան առաջ մտնել գետնանացում: Թեև տեսողությունից հաճախ էր բողոքում, սակայն անմիջապես ճանաչեց նրանցից մեկին` Տաթև Ստեփանյանին: -Փառք, Քեզ Տեր Աստված, - բացականչեց նա ու սկսեց շարժվել նրանց ուղղությամբ: Մի քանի քայլ անելուց հետո հասկացավ, որ ամբոխի մեջ հեշտությամբ նրանց կարող է կորցնել ու ավելի արագացրեց քայլերը: Մեկ րոպե էլ չէր անցել, երբ գրեթե հավասարվեց նրանց և նկատեց, որ Տաթևին ուղեկցող տղամարդը հազիվ է կարողամում կանգնած մնալ ոտքի վրա, իսկ ձեռքը գրեթե ամբողջությամբ արյան մեջ կորած է: -Պարոն Բադալյան, - հազիվ կարողացավ ասել Տաթևն ու էլ չկարողացավ զսպել լացը: 55