Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 21

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Տաթևի աչքերն արցունքոտվեցին: Անդրանիկ Սարգսյանը իր լավագույն գործընկերն էր, ավագ խորհրդատուն ու նաև լավ ընկերը: Այժմ ինքն ավելի վստահ կարող էր պնդել՝ իրեն, Սամվելին ու Մհերին ևս վտանգ էր սպառնում... -Կարծում եմ Մհերը կհասցնի լինել նշված ժամին, նշված վայրում, իսկ մինչ այդ, քանի որ արդեն դու ևս այս գործի մեջ ես՝ ասեմ բոլոր հնարավոր մանրամասները: *** Մհերը բջջայինն ականջից հեռու չէր տանում: Արդեն մի քանի անգամ զանգել էր Տաթևին, բայց ապարդյուն՝ հեռախոսին չէին պատասխանում: Լուրը լսելուց րոպեներ անց ինքը դեպքի վայրում էր: Ոստիկանները շրջափակել էին տարածքը ու իրեն հաջողվեց մտնել միայն ծանոթ ոստիկանների օգնությամբ: Մհերը հույս ուներ գոնե այստեղ որևէ բան իմանալ Տաթևի մասին, բայց ոստիկանները ոչինչ չգիտեին: Նա նորից փորձեց զանգահարել ու հանկարծ լսեց իրեն ծանոթ հեռախոսազանգի ձայնը, որը գալիս էր մեքենայից: Արագ մոտեցավ մեքենային ու պատուհանից ներս նայեց: Տաթևի պայուսակը մեքենայի ներսում էր: Մհերն իր մոտ կանչեց ծանոթ քրեագետներից մեկին: -Մեքենայի ներսում իմ կնոջ պայուսակն է ու բջջայինը: Պետք է վերցնեմ: -Մհեր, սպասիր կես ժամ, մեքենայի ներսը կնայենք, հետո… Մհերը ոչինչ չպատասխանեց: Այս պահին ինքն այլև աշխատակից չէր: 21