Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 8

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Նա այնքան արագ էր խոսում ու այնքան վստահ, որ ասես տարիներ շարունակ ճանաչել էր ինձ: Ես ի պատասխան ժպտացի ու նստեցի թաց նստարանին: -Ինչի՞ց եզրակացրիր… Նա ասես սպասում էր հենց այս հարցին ու դեռ չէի էլ հասցրել ավարտել խոսքս՝ նա անմիջապես սկսեց նորից արագ-արագ խոսել: -Դե նրանից, որ այս աշնան ցուրտ եղանակին ծաղիկներ ես բաժանում, ծաղիկներ, որ ժպիտ են բերում բոլոր նրանց դեմքերին, ում նվիրում ես: Ես համոզված եմ, որ դու ստեղծագործում ես նաև, քո նման ռոմանտիկ մարդիկ չեն կարող չգրել,- ու հարցական հայացքով նայեց ինձ: -Ես ինձ այնքան էլ ռոմանտիկ չեմ համարում, իսկ ստեղծագործելը... այո, գրում եմ երբ մուսան… -Ահա՜, տեսնում ես, որքան հեշտ է անմիջապես հասկանալ դիմացինիդ, երբ նա այնքան քեզ նման է,- նորից շտապ-շտապ ավելացրեց նա: -Գլխումս մի նոր բանաստեղծություն ծնվեց,- ուշադիր նայելով ինձ շարունակեց Աննան, ապա պայուսակից հանեց գրիչն ու վարդի թերթիկներից մեկի վրա սկսեց գրել: Ես ժպտացի: -Կարծում եմ դու ավելի ռոմանտիկ ես, քան ես: Նա ասես չլսեց իմ ասածը, շարունակեց գրել վարդի թերթիկի վրա ու երբ ավարտեց, մեկնեց ինձ ծաղիկը, որպեսզի կարդամ: Վարդի թերթիկի վրա բավականին գեղեցիկ ու շատ փոքր տառերով գրված էր. «Աշնան տերև, բայց ոչ դեղին, Տերև վարդի ու այնքան նուրբ: Աշնան անձրև ու մի կաթիլ, Կաթիլ արցունք վարդի տեսքով…» 10