Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 60

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Վահրամին թվում էր այս ամենը երազ է նորից: Նա ոչինչ չէր տեսնում, բայց ձայներից մեկը ճանաչեց: Խոսողներից մեկը Գոռն էր, հարազատ եղբայրը: Ականջին հասավ դռան բացվելու ձայնն ու նրանք սենյակից դուրս եկան: Բացեց աչքերը: Պատուհանից ներս էր թափանցում արևի շողը: Ինքը պառկած էր հիվանդասենյակում: Փորձեց վեր կենալ, բայց նկատեց, որ ներարկիչը երակի մեջ է: Նայեց արևի շողին: Այն ունի սկիզբ և ավարտվում է, երբ դեմ է առնում ինչ-որ բանի: Ու այդ ժամանակ ծնվում է ստվերը: Այն լույսից է ծնվում, բայց լույս չէ: Լույս և ստվեր՝ հավերժ մրցակիցներ: Ստվերը լույսից է ծնվում, բայց այն լույս չի ծնում, այլ միայն խավար: Ո՞րն է լույսի ու ստվերի սահմանը, իսկ կյանքի՞ սահմանը: Կյանքում ամեն ինչ բարդ է հասկանալ: Դուռը բացվեց ու ներս մտավ Գոռը: -Վահրա՞մ, արդեն արթանացե՞լ ես: -Դու ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: -Ես դեռ գիշերից այստեղ եմ: Ուզում էի խոսել, բայց չգիտեմ ինչպես ասել... -Ի՞մ մասին, թե՞ Արփիի: Մի փոքր լռությունից հետո Գոռը շարունակեց. -Քո վիճակը ներկա պահին ավելի լուրջ է, քան նրա,- Գոռը նկատեց, թե ինչ հայացք գցեց Վահրամը իր վրա, բայց չտեսնելու տվեց ու շարունակեց,- ամենացավալին այն է, որ իմանում եմ այսքան ուշ, հարազատ եղբայրդ եմ, չէ՞: -Կլինի՞ սուս մնաս: Գոռը ոչինչ չշարունակեց: Ամեն դեպքում մեծ եղբորը հակառակվելը մի ողջ պատերազմի կհանգեցներ: -Կներես, - կամաց ասաց Վահրամը, - բայց ինչպես իմացա՞ր: Պետք է խնդրեմ, որ դեռ չասես ոչ մեկին: -Դե՞ռ... Գոնե գիտե՞ս` ինչ է եղել քեզ հետ երեկ: Ոչ մեկը ոչինչ չգիտեր, ամբողջ հիվանդանոցը չէր հասկանում` ինչ է կատարվում քեզ հետ: Երբ մեքենայումդ տեսա թղթերը ու ցույց 62