Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 6

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Կարևորը իհարկե քանակը չէ, այլ սրտի ջերմությունը, որով ծաղիկները նվիրում ենք: Ասում են, եթե նվիրում ես մեծ ցանկությամբ, ապա երկար ժամանակ նրանք չեն թոշնում,հաշվելով ծաղիկների քանակը, ասաց ծաղկավաճառը: -Քսանմեկ հոգուն իհարկե սիրով կնվիրեմ, բայց բոլորին սրտի ջերմությա՞մբ,- ցածրաձայն ինքս ինձ հարցրի ես,- սրտումս էլ ջերմություն չի մնա: Վերջին բառերը ավելի բարձր հնչեցին, ու հավանաբար կինը լսեց, նորից զարմացած նայեց ինձ, իսկ ես ժպտալով վերցրի ծաղիկներն ու շնորհակալություն հայտնելով հեռացա՝ մտածելով, թե որքան տարօրինակ տպավորություն ստեղծեցի այս կնոջ մոտ: Ընդամենը մի քանի քայլ անելուց հետո, առաջին իսկ պատահած կնոջը մեկնեցի վարդերից մեկը. -Սա Ձեզ: Մոտ քառասուն տարեկան կինը անակնկալի եկավ: -Շնորհակալ եմ… Ետ շրջվեցի, տեսա էլ ավելի զարմացած ծաղկավաճառ կնոջ հայացքն ու արագ հեռացա: Դեռ մի փողոց էլ չէի հասցրել հեռանալ, ծաղիկները կիսով չափ պակասել էին: Երիտասարդ աղջիկները հիմնականում մերժում էին, բայց երբ ես նրանցից ավելի շտապողական կեցվածք էի ընդունում, հասկացնելու համար, որ սա ուղղակի նվեր է, վերցնում էին ու շնորհակալություն հայտնում: Անձրևը դադարել էր, միայն հատուկենտ ուշացած կաթիլներ էին ընկնում վար: Երբ հասա զբոսայգի, ձեռքիս միայն մեկ վարդ էր մնացել: Առջևիցս դանդաղ քայլերով աղջիկ էր անցնում: Մտածեցի` հասնեմ ու վերջին վարդը նվիրեմ նրան: Բայց նա հանկարծ կանգ առավ, հանեց գրպանից թաշկինակը ու թեև չտեսա, բայց համոզված եմ` սրբեց աչքերը: Անձրևի կաթի՞լն էր, թե՞ լալիս էր: Ես գրեթե համոզված էի՝ երկրորդ տարբերակը: Դանդաղեցրի քայլերս, իսկ նա նորից դանդաղ քայլերով մոտեցավ թաց նստարաններից մեկին ու նստեց: Նա հիմա իմ առջև էր… 8