Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 56

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ *** Վահրամը նորից հեռախոսը ձեռքն առավ ու կրկին նույն համարը հավաքեց: Նույն ազդանշանը՝ հեռախոսն անջատված է: Ոչինչ չէր նյարդայնացնում` բացի նրանից որ սպասում էր, իսկ հիմա էլ ավելի մեծ սպասում կար՝ սպասում մահվանը: Ծնողներին ոչինչ չասաց: Ամբողջ երեկո փորձում էր զվարթ տրամադրությամբ լինել ու շարունակ կրկնում էր, թե որքան շատ է սիրում իր ծնողներին: «Հայրս պինդ մարդ է կդիմանա, բայց մայրս: Մայրի՜կ, եթե միայն իմանայիր` ինչպես է սիրտս ճմլվում. մա՛յր իմ, ներիր, որ ցավեցնելու եմ, ների՛ր»... Զգաց` ինչպես աչքերը թացացան: Բնակարանը մութ էր ու ցուրտ: Ասես մահը արդեն այստեղ էր: Վահրամը միացրեց բոլոր լույսերն ու պառկեց: Ցավերն արդեն զգալ էին տալիս, բայց սրա դեմ ևս գտել էր միջոց: Ցավազրկող հաբերից բացի` ներարկիչներ ևս կային ձեռքի տակ, ցավերն սկսվելուն պես հենց ինքն իրեն կներարկեր ցավազրկող դեղը: Գլխում տարբեր մտքեր էին պտտվում: Ինչպե՞ս ասել ծնողներին, ինչպե՞ս ասել այն մարդկանց ու ընկերներին, ովքեր թանկ էին իր համար: «Ավելի լավ է լռել. ես ի վիճակի չեմ նրանց ասել, հետո էլ այսպես ավելի հանգիստ կլինեմ,- մտածում էր Վահրամը,- կյանքը պայքար է, պետք պայքարել ամեն մի վայրկյանի համար, բայց ոչ նման կերպ: Հույսի եթե մեկ նշույլ անգամ լիներ ապաքինվելու, կարելի էր փորձել բուժում սկսել: Բայց այս դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե արագ լինի»: Վահրամը սովորել էր բժշկական համալսարանում, գիտեր, որ նման դեպքերում հրաշքներ ակնկալել պետք չէ, այլ պետք է վայլել կյանքի վերջին վայրկյանները: Աչքերի առջև մայրն էր` դեռ երիիտասարդ: «Մա՛մ, ուզում եմ միշտ ժպտաս, մա՜մ, մա՜մ, ես քեզ ամպի չափ սիրում եմ, մա՜մ»: 58