Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 55

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Բժիշկը թղթերը մեկնեց Վահրամին: Նա մի քանի րոպե լուռ կարդում էր ու նայում տոմոգրաֆիայի արդյունքները: -Գլխուղեղի այդ հատվածում վիրահատական միջամտությունն անհնար է, որքան թույլ են տալիս իմ գիտելիքները հասկանալ: -Այն բավական արագ է աճում, իսկ աճը մեծացնում է ներգանգուղեղային ճնշումը: Խնդիրն այն է, որ ցանկացած պահի կարող են վնասվել անոթներն ու այդ ժամա... - Մահն ակնթարթորեն կլինի, - շարունակեց Վահրամը: -Ո՛չ, այդպես մի ասա, եթե կա մեկ հույսի նշույլ անգամ, պետք է հավատալ դրան: Վահրամը նայեց ուղիղ բժշկի աչքերի մեջ: -Այդ հույսի նշույլը իմ պարագայում միայն կյանքիս տանջալից րոպեներն է շատացնելու: -Տղաս, դեռ երիտասարդ ես, գուցե ամեն ինչ այլ կերպ լինի. պետք է փորձել ամեն դեպքում... -Ես կարծում եմ եթե վիճակված է մեռնել, ուրեմն մահը պետք է ընդունել արժանապատվորեն: Այսպես թե այնպես, մեռնելու ես մի օր: -Վահրամ, որդիս, ամեն դեպքում լսիր իմ խորհուրդը, այսօր շատերը բուժվում են, և դեռ հույս կա... -Ես գիտեմ, բայց նրանք գուցե հավատում էին, որ կապաքինվեն, ու իրենց հավատը օգնում է, բայց ես չեմ հավատում: Վահրամը վեր կացավ: -Կարծում եմ, դեռ կհանդիպենք, երբ սկսվեն ավելի ուժեղ ցավեր, ստիպված կլինեմ նորից դիմել ձեզ... -Ես առաջարկում եմ մտածել բուժում սկսելու մասին, և գուցե նաև վիրահատության: Վահրամի դեմքին տխուր ժպիտ երևաց: -Կմտածեմ: 57