Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 34

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Հյուրը մեկ շնչով դատարկեց բաժակը` ասես ներքին կրակը մարելու համար: —Անչափ շնորհակալ եմ Ձեզ: Դուք չգիտեք անգամ, թե որքան օգնեցիք ինձ: Ես կգամ վաղը և համոզված եմ, որ… Վերջին բառերն արտասանել չկարողացավ: Ուզում էր ասել, որ Նանեն չի վաճառի տունը, բայց դրա մասին ասել Նանեի մորաքրոջը, ով ոչինչ չգիտեր իր մասին, այդքան էլ ճիշտ չէր լինի: —Որ ես կգնեմ տունը,—շարունակեց նա: —Շատ լավ կլինի, երիտասարդ, — ժպտաց կինը, — չնայած դժվար կլինի բաժանվել այս գեղեցիկ առանձնատնից, սակայն քրոջս աղջիկը վճռական է տրամադրված և ես չկարողացա համոզել նրան, որպեսզի չվաճառի: Նրա որոշումների դեմ դժվար է լինում դիմակայել… «Եթե միայն իմանայիք, թե որքան լավ եմ հասկանում Ձեզ»,— մտքում ասաց հյուրն ու շարունակեց. —Ես կգամ վաղը, ու գուցե հնարավոր լինի չվաճառե՞լ,— ծիծաղելով շարունակեց նա և ուղղվեց դեպի դուռը: —Ուրեմն մինչ վաղը, — պատասխանեց կինը: Երբ դուրս եկավ տանից, նրան թվաց, որ գարունը մի նոր ու ավելի շքեղ գույներով զգեստ է հագել, կյանքն այնքան պայծառ է դարձել այս րոպեների ընթացքում, որ կուրանալ կարելի է: Բավականին հեռանալով տանից` նա տարածեց ձեռքերն ու ամբողջ շնչով գարնան ջերմ ու ծաղիկների բույրով հագեցած օդը ներշնչեց: —Ես նորից գտա նրան ու էլ չեմ կորցնի: Անցյալի մեկ գարունն իմ հոգում: Գրեթե բարձրաձայն գոչեց նա ու շարժվեց ծաղկած ծառերի ուղությամբ՝ «անցյալի մեկ գարունն իմ հոգում» բառերն անընդմեջ կրկնելով: 36