Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 30

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ սպասեց: Ոչ, տանը մարդ չկա: Նա շրջվեց ու հազիվ մի քայլ էր արել, երբ ականջին հասավ դռան բացվելու ձայնը: —Բարև Ձեզ… Տղամարդը ետ շրջվեց: —Բարև Ձեզ, — ժպտալով նորից մոտեցավ դարպասին՝ ողջունելով մոտ վաթսունամյա կնոջը, որն արդեն փորձում էր դարպասի դուռը բացել: —Բարև, տղաս: Ո՞ւմ եք փնտրում, ի՞նչով կարող եմ օգնել: Ներս համեցեք, մի՛ կանգնեք դռան շեմքին: Տղամարդը շփոթվեց: Ինչպե՞ս անվանել այս անակնկալ այցը և առավել ևս բացատրել, որ այս տունն ասես հենց իր երազների տունն է, բայց իրական դարձած: —Բարև Ձեզ… Կներեք անհանգստացնելու համար, բայց ես, ավելի շուտ այս տունն ինձ այնքան ծանոթ թվաց, — շփոթված սկսեց նա, — երկար ժամանակ այս կողմերում չեմ եղել, ու շատ փոփոխություններ են եղել… Կինը հավանաբար ոչինչ չհասկացավ անծանոթի կցկտուր խոսքերից, բայց ժպտալով նորից առաջարկեց ներս մտնել: —Տունը վաճառքի է հանվել երեկ, — շարունակեց կինը, — Դուք գործակալությունի՞ց եք: Հյուրն ակամա ժպտաց: Ահա և առիթը: —Ոչ, ոչ, բայց ես ցանկություն ունեմ մի գեղեցիկ առանձնատուն գնել ինձ հարազատ այս կողմերում, — շտապեց վրա բերել: —Հուսով եմ այս տունը կհավանեք, — ժպտալով պատասխանեց կինը, — ես այսօր սկսել եմ հավաքել իրերը, — շարունակեց կինը: Ահա և երազի շարունակությունն իրականություն կդառնա… Նա մտնում էր մի տուն, որը բազմիցս տեսել էր իր երազում, կամ գուցե այս տունը չափազանց նման էր իր երազների տանը, սակայն այս անգամ նա պետք է ընդուներ՝ երազներն իրականանում են: Կինը ներողություն խնդրեց տան ոչ այնքան մաքուր լինելու համար` պատճառաբանելով, որ տանը մոտ մեկ տարի մարդ չի բնակվում, և ինքն է ժամանակ առ ժամանակ այցելում միայն: 32