Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 21

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ստիպում էին ապրել, մտածել ներկայի ու անգամ մի փոքր երազել ապագայի մասին: Բայց նրանք էլ չկան հիմա: Ո՞ւր են, գուցե տա՞նը: Նա արագ վեր կացավ տեղից, ասես սարսափելի երազ տեսած լիներ: «Ո՜չ, այդ ես չեմ, նրանք միշտ էլ կենդանի կլինեն, նրանք դրսում են, գիտեմ, սպասում են թե երբ պիտի դուրս գամ ու գրկեմ նրանց… Այդ ես չեմ, Աստված, օգնի՛ր, - կիսաձայն շշնջում էր նա, - ո՞ւր է Աշոտը, նա ինձ կօգնի, նա Աստծո շնորհքն է իր մեջ կրում, նա կօգնի անպայման: Ինձ պետք չեն հոգեբաններ ու հոգեբույժներ: Նրա մի խոսքն անգամ հոգիս նորից կհանդարտեցնի: Աշո՜տ… «Աստված օգնում է բոլորիս, ու ներում», - հիշեց Աշոտի խոսքերից մեկը: Նա վեր կացավ, կանգնեց երկաթե մահճակալի եզրին ու ձեռքերով կախվեց ճաղապատ պատուհանի երակաթներից, ոտքը սայթակեց ու փորձելով բռնել երկաթից, ընկավ վայր: Երկաթե բարակ ձողը կոտրվեց ու մնաց ձեռքում: Մի երկու վայրկյան նա նայեց երկաթին, ապա կանգնեց: Լսվեց դռան բացվելու ձայնը, բայց Սոնան կարծես չէր լսում ոչինչ, նրա գլխում մի միտք փայլեց: «Տեսնո՞ւմ ես, Աստված բարեգութ է, - ասես լսեց Պատվելի Աշոտի ձայնը, - նա ներում է բոլորիս»: Դուռը բացվեց, ներս մտավ ոստիկանը: - Ցա՛ծ գցի՛ր, - հրամայեց ոստիկանը: - Աստված ինձ կների, - գոչեց Սոնան ու երկաթի սուր կողմը դեպի իրեն բռնած վազեց առաջ: Հանկարծակիի եկած ոստիկանը փորձեց բռնել դեպի իրեն նետվող կնոջը: Բայց երկաթը հայտնվեց իր ու Սոնայի միջև: Նա միայն այդ ժամանակ հասկացավ, որ ավելի լավ կլիներ ոչ թե կնոջը բռնել, այլ երկաթի կտորը… Վայրկաններ անց կինն արդեն ընկած էր հատակին՝ կրծքին մխրճված երկաթե ձողով, իսկ ոստիկանն օգնություն էր բղավում: Երկաթը մխրճվել էր կնոջ սիրտը… 23