Arlen Shahverdyan Լռության գինը | Page 72

ոչ շատ խորը ձորակ կար, և նա հրում էր ինձ այդ կողմ: Ես գլորվելով ընկա այդտեղ: Հողը փափուկ էր ու խոտածածկ, առանձնապես չվնասվեցի, միայն քերծվեցին ձեռքերս ու դեմքս: Երբ գլուխս բարձրացրեցի, վերևում տեսա ընձառյուծին, նա մի ակնթարթ նայեց ինձ, լսվեց հերթական կրակոցը, ու ընձառյուծը չքացավ իմ տեսադաշտից: Ես ոռնացի ցավից, կարծես կորցրեցի հարազատի, կարծես աչքիս առաջ սպանվեց իմ ընկերը, հարազատը, արյունակիցը: Այդպիսի խորը ցավ ու ցասում չէի ապրել: «Չէ՛, չկրակե՛ք, թո՛ղ, չէ՛», – գոռալով ու կարծես չհամակերպվելով նրա սպանվելու մտքի հետ ես վեր թռա տեղից: Գոռալով սկսեցի մագլցել վեր՝ եղունգներով կառչելով ներքև սողացող հողից, բռնվելով աճող խոտերից ու ծառաթփերի դուրս ցցված արմատներից, ոտքերով վեր հրվելով ինչքան որ ուժ ունեի: Մի կերպ կարողացա վեր բարձրանալ և անմիջապես նայեցի որջի ուղղությամբ և դրա շուրջը՝ փորձելով գտնել ընձառյուծի դին. չգիտես ինչու, վստահ էի, որ նրան արդեն սպանել են: Այնքան մութ էր, որ մի քանի մետր այն կողմ արդեն համարյա բան չէր երևում: Այդ վայրկյանին կողքիս լսեցի գոռոց. – Դու ո՞վ ես, էս ո՞վա, ուրդո՞ւց ե՞ս ստե հայտնվե, արա բա որ գյուլլեինք քեզ…», – զարմացած գոչեց մի ձայն: Վեր կացա, կանգնեցի ամբողջ հասակով ու նկատեցի, որ շրջապատված եմ մի քանի հրացանավոր մարդկանցով: Նրանց վրայից ուղղակի «փչում էր» որսագող «կոչումը», նրանց դեմքերից չարություն ու դաժանություն էր թափվում, նրանք պատրաստ էին մի քանի հոգով հրացաններով գնդակահարել մի ընձառյուծի ու դեռ մի բան էլ գոհ մնալ իրենց «հերոսությունից»: Իմ վրա գոռացողը նորից խոսեց. ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 71