Arlen Shahverdyan Լռության գինը | Page 62

Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են, ամուր, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով: Ականջները կարճ են ու կլորավուն: Ընձառյուծի մորթին շատ գեղեցիկ է: Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն (երբեմն՝ շիկակարմրավուն)՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, պտերով: Կան նաև լրիվ կամ գրեթե լրիվ սև մորթով հովազներ, որոնք հանդիպում են հիմնականում Հարավարևելյան Ասիայում, նրանց կոչում են նաև սև հովազ կամ պանտերա: Սև կամ մուգ գունավորման տակ, միևնույն է, նշմարվում են ընձառյուծին բնորոշ բծերը: Ընձառյուծն ապրում է անտառներում, սարերում: Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, թռչուններով, նաև՝ ձկներով ու լեշերով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են: Այս ուժեղ և ճարպիկ կենդանին որսի վրա հարձակվում է գաղտագողի՝ դարանակալելով: Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում: Ընձառյուծն ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն: Անազատ պայմաններում ընձառյուծն ապրում է մինչև 20-21 տարի: Ընձառյուծը որպես տեսակ ունի բազմաթիվ, ավելի ստույգ՝ 27 ենթատեսակներ, որոնք իրարից տարբերվում են աշխարհագրական տարածվածությամբ, մորթու գույնով, դրա բծերի դասավորությամբ և ձևով: ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 61