Arlen Shahverdyan Լռության գինը | Page 58

Վերադարձանք և անհամբերությամբ սպասում էինք հաջորդ օրվան: Երևի դա էր պատճառը, որ գրեթե չքնեցինք: Գիշերը անհանգիստ էի, ուղեղումս բազում մտքեր էին, չէի կարողանում «անջատվել» ու քնել: Վեր կացա, վառեցի գիշերալամպը, պայուսակիցս հանեցի «Ապրելու իրավունք» գիրքս11, որում ընձառյուծի հետ հանդիպման մի հետաքրքիր նկարագրություն կար, և սկսեցի վերընթերցել այն. «Ճանապարհին պատահաբար նկատեցինք մի շքեղ արու ընձառյուծի, որ հանգստանում էր հաստաբուն ծառի ճյուղին: Մեր ուղեկցորդը՝ Սիդնեյը կանգնեցրեց մեքենան. ընձառյուծների նկատմամբ նա մի առանձնակի սեր ուներ ու ուզում էր, որ հիանանք նրանցով: Մեզ համար շատ անսպասելի՝ Սիդնեյը թույլ տվեց, որ դուրս գանք մեքենայից ու մի քիչ մոտենանք ծառին, որպեսզի ավելի մոտիկից նայենք ընձառյուծին: Սիդնեյը գիտեր, թե մինչև ուր կարող էինք քայլելով մոտենալ: Այնպես որ, մեզ վտանգ չէր սպառնում: Վտանգ ու անհանգստություն չէր սպառնում նաև ընձառյուծին. մենք ապահով հեռավորության վրա էինք, ու նա շար