անգամ այսպիսին՝ ամրոցը հպարտ է ու զորեղ: Բերդապարիսպի բուրգերից ամենաբարձր կետից ներքև նայելիս
ասես երկնքում սավառնող ազատ թռչուն լինես: Մի տեսակ
սահմռկեցուցիչ գլխապտույտ ես զգում, որը, միևնուն
ժամանակ, ազատության ինչ-որ հաճելի զգացում է: Քարի
պես ներքև գլորվելու վտանգին միախառնվում է բուրգի
գագաթից վերև թռչելու ու երկնքի կապույտի մեջ
ընկղմվելու ցանկությունը: Երկինքն ասես դեպի իրեն է
կանչում, բայց և հատակն է, որ ձգում է, ու դու սկսում ես
մաքառել երկնքի ու երկրի ձգողականության ուժերի միջև:
Գմբեթներից մեկի վրա տեղադրված է եռագույն
դրոշ: Մի նոր լեռնագագաթ գրավելիս մարդիկ դրոշ են
տեղադրում. այստեղ ծածանվող եռագույնը կարծես խորհրդանշում է այն «սխրանքը», որ գործում ես՝ ամենաբարձր
գագաթին ելնելով: Գագաթ, որի վրա ժամանակը կանգ է
առնում և որից ներքև իրականությունն է:
Պարիսպների կամարաձև կամ քառակուսի պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան: Նայելով
պատուհանից՝ ասես դառնում ես մեկն այն քաջերից, որոնք
բնակվել կամ միգուցե կռվել են՝ ամրոցը անառիկ պահելով:
Ամրոցն ինքնին այնքան անառիկ է, որ մեծ քաջագործություն, անգամ՝ արկածախնդրություն է այն գրավել
փորձելը: Պարիսպների որոշ հատվածներ քարուքանդ են
եղել ու տպավորություն է ստեղծվում, որ նրանք ահեղ
մարտից ողջ մնացած վիրավոր զինվորներ են:
Ամրոցի մերձակայքում խրոխտ իմաստնությամբ
կանգնած եկեղեցին ժամապահի նման հսկում է ընդաձակ
տարածքը: Դեպի եկեղեցի տանող կածանը նեղլիկ է ու
քարքարոտ, վայրիվերումներով: Եկեղեցուն հասնելու համար պետք էր իջնել բերդից. որքան դժվար է ամրոց