Arlen Shahverdyan Լռության գինը | Page 13

Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք դեպի ամրոց: Դիտարժան տեսարան էր, և շուրջը մի այնպիսի քար լռություն էր տիրում, որ կարծես լսվում էին հին ժամանակներում այստեղով անցած ձիերի սմբակների դոփյունները: Մառախուղը տեղ-տեղ թանձրանում էր, հատկապես՝ ճանապարհի այն հատվածում, որը հետզհետե բարձրանում էր ու կարծես մխրճվում լեռնալանջերով շրջապատված հորիզոնի մեջ: Իմաստուն լեռները և անխռով բլուրները, որոնք երիզել էին ճանապարհը, մի ընդհանուր կտավի գլխավոր հերոսներն էին, նրանցից բացի շուրջը գրեթե ոչինչ չկար: Ճանապարհի եզրերի ուղղահայաց սյուները կարծես միջնադար տանող «ցուցանակներ» լինեին, իսկ լեռնալանջերը ողողած կանաչ թփուտները՝ այդ ճանապարհով անցածների «արկածների» վկաները: Ճանապահի երկու կողմերում տեղ-տեղ քարաժայռեր էին, որոնք ասես կախել էին գլուխները և փորձում էին ականջ դնել, թե ինչ են շշնջում անցորդները: Մեր մեքենան, արհամարհելով այդ քարաժայռերի «հետաքրքրասիրությունը», շարունակում էր ընթանալ առաջ: Ժայռոտ բլրակների վրա նշմարվում էին քարանձավներ, ձեռակերտ էին դրանք, թե բնության արարչագործության արգասիք՝ դժվար էր կռահել ընթացքի մեջ: Ամեն դեպքում, այդ քարանձավներն ստեղծում էին մի խորհրդավոր տրամադրություն: Միևնույն ժամանակ դրանք շեղում էին գլխավոր տեսարանի սպասումից, և մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե այնտեղ, առջևում ոչ մի բան էլ չկա, թե այնտեղ՝ ճանապարհի վերջում, ամրոց գոյություն չունի: Ահա այդպիսի լռություն ու խաղաղություն էր տիրում շուրջը, և դա ստիպում էր կենտրոնանալ շրջապատող լեռնալանջերի վրա՝ մտքից հանելով գլխավոր նպատակը: Սակայն 12 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ